«Բռնադատվածներ» նախագիծ

Հիմնավորում

Հայոց պատմության 20-րդ դարի երկու մեծագույն ողբերգություններից մեկը` խորհրդային բռնատիրության պետական ահաբեկչությունը, որը 20 – 40 — ական թվականներին ուներ ցեղասպանական դրսևորումներ, կրթական (նաև` ընդհանրապես քաղաքացիական) ոլորտում մնացել է ստվերում: Այնինչ նրա սոցիալական, հոգեբանական, բարոյական հետևանքներն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Բացի դրանից ամբողջատիրության էության և մեխանիզմների իմացությունը, հակաամբողջատիրական մտածողությունն ու ամբողջատիրական նույնիսկ փոքր դրսևորումների դեմ պայքարելու պատրաստակամությունը, նրա վերադարձի կանխման գրավականներից  են Այս նախագծի առաջին քայլերը, որոնք իրականացվել են ամբողջատիրությունն ուսումնասիրող գիտնականների հետ համագործակցելով, վկայում են, որ այդ ուսումնասիրությունները բացահայտում են մեր ոչ հեռավոր անցյալի` իմացության արժանի հերոսական դրվագներ: Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, բռնադատվածների ժառանգների և ականատեսների հետ հարցազրույցները, հակախորհրդային պայքարի վայրերով անցկացվող գիտարշավները կամրապնդեն սովորողների քաղաքացիական դիրքորոշումը հանուն ժողովրդավար և  իրավական պետության:

Նպատակներ

  1. Նպաստել ժողովրդի և անհատի պատմական հիշողության վերականգնմանը
  2. Նպաստել նախագծի մասնակիցների քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը

Խնդիրներ

  1. Նախագծի մասնակիցների հետազոտական, համագործակցային և ապրումակցային կարողությունների զարգացում
  2. Անցյալի դասերի պարբերական հիշեցում

 

Մասնակիցներ

Կրթահամալիրի և համագործակցող կրթական հաստատությունների դասավանդողներ և 6-11 դասարանների սովորողներ, ինչպես նաև այդ հիմնախնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ և հասարակական կազմակերպություններ:

Աշխատանքի ձևերը

  1. Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություն և տեղեկատվական ու վերլուծական հոդվածների հրապարակում
  2. Գիտարշավներ
  3. Հարցազրույցների անցկացում և դրանց ձայնագրությունների հրապարակում
  4. Հետազոտական համագործակցություն մարզերում ձևավորվելիք խմբերի և այդ թեման ուսումնասիրող գիտնականների հետ

Ակնկալվող արդյունքը

  1. Հակաամբողջատիրական գործուն կայքի ստեղծում
  2. Ուսումնական ֆիլմաշարի նկարահանում
  3. Չարդարացված, բայց իրավական արդարացման արժանի, մարդկանց արդարացնող փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան կառույցներին: